ExIm հարթակի մասին
ExIm տեղեկատվական հարթակը ստեղծվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ։ Հարթակի ստեղծումը բխում է նաև Առևտրի դյուրացման համաձայնագրի պահանջներից և հանդիսանում է Համաձայնագրի 1-ին հոդվածով սահմանված պայմանների կատարումն ապահովող գործիք։ Հարթակը հնարավորություն է տալիս ապրանքի ԱՏԳ ԱԱ ծածկագիրը կամ ապրանքի անվանումը մուտքագրելու միջոցով ստանալ տեղեկատվություն ապրանքների ներմուծման, արտահանման և տարանցման գործընթացների, հայտարարագրման առանձնահատկությունների, սակագնային և ոչ սակագնային կարգավորումների, անհրաժեշտ թույլատվական փաստաթղթերի, վճարների դրույքաչափերի, վճարման եղանակների, գանձապետական հաշիվների, ինչպես նաև տվյալ ԱՏԳ ԱԱ դիրքում դասակարգվող ապրանքների նկատմամբ կիրառվող այլ կարգավորումների վերաբերյալ։ Հարթակում ներդրված են նաև հաշվիչներ, որոնք հնարավորություն են տալիս հաշվարկել ներմուծման վճարները և ստանալ համապատասխան տեղեկատվություն։ ExIm տեղեկատվական հարթակում ներկայացված տեղեկատվությունը կրում է իրազեկման բնույթ և նպատակ ունի աջակցելու օգտվողներին արտաքին տնտեսական գործունեության գործընթացներում կողմնորոշվելու հարցում։ Չնայած տեղեկատվության ճշգրտությունն ապահովելու ուղղությամբ Կոմիտեի գործադրված ջանքերին՝ հարթակում չեն բացառվում անճշտությունները կամ ոչ լիարժեք տվյալները, ուստի ներմուծման/արտահանման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել համապատասխան իրավական ակտերի պահանջներով։ Հարթակում հայտնաբերված անճշտությունների կամ թերությունների վերաբերյալ օգտվողները կարող են տեղեկացնել Կոմիտեին՝ նամակ ուղարկելով exim@customs.am էլեկտրոնային փոստի հասցեին։