Հարթակի մասինԲողոքարկում

Բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ

Կարող են բողոքարկվել մաքսային ծառայողի. 1) ընդունած որոշումները, 2) գործողությունները, 3) անգործությունը, 4) կազմած մաքսային ստուգման ակտերը:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով կամ ՀՀ վարչական դատարան:

Բողոքների քննության համար ՀՀ պետական եկամուտների կոմիտեում գործում է հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողով (այսուհետ` Հանձնաժողով):

Բողոքը Հանձնաժողով կարող է ներկայացվել հետևյալ ժամկետներում. 1) Մաքսային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած որոշումը կամ ստուգման ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից, իսկ մաքսային ծառայողի գործողությունները կամ անգործությունը՝ այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից երկու ամսվա ընթացքում, 2) Մաքսային մարմինների կողմից մաքսային արժեքի չափը կամ մաքսային արժեքի որոշման եղանակը չընդունվելու դեպքում` մերժման եզրակացությունն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:

Բողոքը պետք է ներկայացնել գրավոր ձևով և հայերեն լեզվով, որը պետք է պարունակի հետևյալը. 1) Հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը, 2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն, հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները, 3) բողոքարկման առարկան, 4) բողոք բերողի պահանջը, 5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, 6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը, 7) բողոք բերող անձի ստորագրությունը: Դիմում-բողոքի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 21.06.2022թ. թիվ 656-Ն հրամանի 2-րդ հավելվածով: Հրաման 656-Ն

Բողոքը կարող է ուղարկվել. 1) secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին, 2) e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով, 3) փոստային կապի միջոցով` միայն պատվիրված նամակով, 4) առձեռն` հանձնելով ՀՀ, ք. Երևան, Խորենացի 7 հասցեում գտնվող սպասարկման սրահ կամ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցականցած սպասարկման կենտրոն: Սպասարկման կենտրոններ

Ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում ՀՀ ՊԵԿ-ը դիմում-բողոքը ներկայացնողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և Հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:

Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները կարող են քննվել գրավոր և բանավոր ընթացակարգերով։ Բանավոր քննությունն իրականացվում է բողոքարկման հանձնաժողովի նիստերի միջոցով, իսկ գրավոր քննությունը՝ էլեկտրոնային ընդհանուր փաստաթղթաշրջանառության միջոցով՝ գրավոր քվեարկություն կազմակերպելու եղանակով: Ընդ որում, նիստը իրականացվում է բանավոր ընթացակարգով, եթե դիմում-բողոք բերած անձը դիմումով ներկայացրել է քննությունը բանավոր ընթացակարգով անցկացնելու հիմնավորումներ, որոնք ընդունել է բողոքարկման հանձնաժողովը: Բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը սահմանված է դիմում-բողոքի ձևը սահմանված է ՀՀ ՊԵԿ նախագահի 21.06.2022թ. թիվ 656-Ն հրամանի 1-ին հավելվածով: Հրաման 656-Ն

Բողոքարկման ընթացակարգն իրականացվում է անվճար հիմունքներով:

Դիմում-բողոք բերած անձը նախապես ծանուցվում է համապատասխան նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին, որին Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել դիմում-բողոք բերած անձը, վերջինիս գլխավոր հաշվապահը և (կամ) դիմում-բողոք բերած անձի լիազորած անձը (մասնագետը)

Հանձնաժողովի նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին տեղեկացված` դիմում-բողոքը բերած անձի կամ նրա ներկայացուցիչների բացակայությունն արգելք չէ բողոքարկման հանձնաժողովի նիստը շարունակելու և վեճն ըստ էության լուծելու համար:

Հանձնաժողով ներկայացված դիմում-բողոքները մաքսային մարմինը քննության է առնում և դրանց վերաբերյալ որոշումներ է ընդունում 30 օրվա ընթացքում, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում: Սույն մասով սահմանված ժամկետի հաշվարկն սկսվում է գրավոր դիմում-բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից: Առանձին դեպքերում նշված ժամկետը կարող է երկարաձգվել 15 օրով, որի մասին իրազեկվում է դիմումատուն: Նշված ժամկետում դիմում-բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում դիմում-բողոքը բավարարելու մասին մաքսային մարմնի բողոքարկման հանձնաժողովի որոշումը համարվում է ընդունված:

Հանձնաժողովը կարող է ընդունել հետևյալ որոշումները. 1) դիմում-բողոքի քննարկման վարույթը կարճելու մասին, 2) դիմում-բողոքը բավարարելու մասին, 3) դիմում-բողոքը մասնակի բավարարելու մասին, 4) դիմում-բողոքը մերժելու մասին, 5) վերստուգում անցկացնելու մասին:

Հանձնաժողովի ընդունած որոշումները հաստատվում են պարզ մեծամասնությամբ քվեարկության միջոցով: Հանձնաժողովի որոշումները ստորագրում է էլեկտրոնային ստորագրությամբ հանձնաժողովի նախագահը և դիմումատուն իրազեկվում է որոշման մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում` հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում որոշումը տեղադրելու եղանակով, իսկ որպես հարկ վճարող չհաշվառված ֆիզիկական անձանց իրազեկվում է էլեկտրոնային փոստով (եթե ներկայացվել է) կամ պատվիրված փոստով (ստանալու մասին ծանուցմամբ) կամ առձեռն հանձնելու միջոցով:

Հանձնաժողովի որոշումները հրապարակային են և հրապարակվում են ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում: Բողոքարկման հանձնաժողովի որոշումները

Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում` իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

Եթե դիմումատուն համաձայն չէ Հանձնաժողովի կայացրած որոշման հետ կարող է դրա դեմ բողոք ներկայացնել ՀՀ վարչական դատարան:

Բողոքարկման գործընթացին հակիրճ կարող եք ծանոթանալ այստեղ: